Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Վազգեն Վեհափառը՝ «Արարատ 73»-ին

Վազգեն Վեհափառը՝ «Արարատ 73»-ին
14.10.2024 | 08:13

1973-ին «Արարատ» ֆուտբոլային թիմը, Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ, հրաշք գործեց՝ դառնալով հսկա Խորհրդային Միության և՛ չեմպիոն, և՛ գավաթակիր։ Հիրավի ոսկե էջ, աննախադեպ սխրանք։

Հաճելի այս վերհուշը, անգամ տասնամյակներ անց, ջերմացնում է մեր սրտերը։ Այս իրադարձությանը հիշատակման արժանի մի իրողություն կա, որը մեր հանրությանը գրեթե հայտնի չէ։

Դրանից մեկ տարի առաջ, երբ «Արարատը» նվաճել էր ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալները, այդ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանում մեր ֆուտբոլիստներին պատվո ընդունելության է արժանացնում Նորին Սուրբ Օծություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը։

Տոնական, հավուր պատշաճի հանդիսավոր մթնոլորտում իմաստախոս Վեհափառն իր ընտրագույն բառուբանով և հայրապետական օրհնանքով մեծարում, քաջալերում է մարզական վերելքի ուղիով ընթացող մեր ֆուտբոլիստներին, նրանց հանձնում թանկարժեք նվերներ։

Հրաժեշտի պահին արարատցիները, թեպետ քաշվելով պատկառազդու Վեհափառ Հայրապետից, այնուամենայնիվ, «կիսաբերան» գանգատվում են, թե՝ «մենք հնարավորություն չունենք ձեռք բերելու ֆուտբոլիստի ֆիրմային բարձրորակ կոշիկներ՝ բուտսիներ, այլապես…»:

-Կջանամ օգտակար ըլլալ, զավակնե՛րս,-համեստորեն խոստանում է հայրական հոգատարության և վեհանձնության մարմնացում Վազգեն Վեհափառը։

Շուտով ամբողջ թիմի համար արտասահմանից բերվում են ժամանակի ամենահամբավավոր ֆիրմայի մարզակոշիկները և, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, հանձնվում մեր ֆուտբոլիստներին։

Այնպես որ, «Արարատ-73»-ի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր դառնալու գործում իր համեստ վաստակն ունի նաև Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Առաջինը։

Սերժ Մանուկյան

Դիտվել է՝ 2324

Մեկնաբանություններ